Ուրիշ Վայոց ձոր- ամփոփում

Երեկ վերադարձա եռօրյա ճամփորդությունից և ցանկանում եմ կիսվել տպավորություններովս։ Կարող եմ ասել, որ անմոռանալի ժամանակ անցկացրինք…
Այս ճամփորդությանը երկար էի սպասել։ Ընկերներով ցանկանում էինք կտրվել առօրյաից և մի քանի օր միասին անցկացնել։

Բավականին երկար ճանապարհ անցանք մինչև Արատես հասնելը։ Էսպես երկար կարող եմ պատմել, թե ինչ արեցինք և ինչպես։ Մի փոքր դժվար է արտահայտել այն՝ ինչ զգացել եմ այդ երեք օրերի ընթացքում։

Առաջին իսկ րոպեներից լսվում էր մեր խինդն ու ծիծաղը։ Ծանոթացա նոր ու հրաշք մարդկանց հետ ու ամբողջ ճանապարհին միասին ծիծաղեցինք, խոսեցինք ու մի լավ երգեցինք։

Ճիշտ է առաջին անգամ չէի Արատեսում, սակայն միևնույն է սրտի թրթիռով սպասում էի, թե երբ պիտի գնանք և տխուր էի, երբ վերադառնում էինք։ Արատեսում մի յուրահատուկ միջավայր կա, որ ուրիշ տեղ չես կարող գտնել։ Բացի հետաքրքիր ու բազմազան անելիքներից, այնտեղ հրաշք բնություն կա, որով կարող ես ժամերով զմայլվել։ Յուրօրինակ սարերն ու դաշտերը, գույնզգույն ծաղիկները, տաք արևն ու մի քիչ քամոտ եղանակն էլ ավելի լավն էին դարձնում ամեն ինչ։ Կեսօրին, քանի դեռ տաք էր եղանակը, միասին զբոսնում էինք, բադմինտոն խաղում կամ էլ տարբեր վայրեր այցելում։ Իսկ երեկոյան վերցնում էին մեր տաք հագուստները, փաթաթվում իրար ու հավաքվում խարույկի շուրջ։ Խոսում էինք, երգում, ծիծաղում ու կրակի վրա մարշմելլո խորովում(հ․գ․ հայերեն տարբերակը չգիտեմ;;;), միայն կիթառն էր պակասում, բայց դե ոչինչ, դա էլ հաջորդ անգամ։ Ու միշտ, երբ ընկերներով հավաքվում էինք՝ լացելու աստիճան ծիծաղում էինք․ այնքան, որ կարծես կորցնում էինք խոսելու ունակությունը։ Գիշերները անսահման հաճույք էինք ստանում աստղերին նայելիս, ափսոս որ առավոտյան չկարողացանք արևաձագը տեսնել։

Այս ամենից զատ, երկրորդ օրվանից ինձ վատ էի զգում, ինչը զարմանալի չէր, քանի որ ես չեմ սիրում տաք հագնվել ու երևի մրսել էի։

Գժությունների պակաս էլ չունեցանք։ Առավոտյան, ընկերուհուս հետ, տղաներից մեկին ատամի մածուկով ներկեցինք, մյուսի կոշիկներում մածուկ լցրինք, ու մնացածի հեռախոսներն առգրավվեցինք։ Մի խոսքով հետաքրքիր ժամանակ ենք անցկացրել։)))

Եվ ահա թե ինչու եմ սիրում Արատեսը․ քանի որ ամեն անգամ այնտեղ այցելելիս՝ իմ երազանքներն իրականանում են։ Միշտ երազել եմ ընկերներիս հետ խարույկի շուրջ նստել, արևաձագն ու մայրամուտը դիմավորել, ճամփորդել ու անմոռանալի ու զվարճալի ժամանակ անցկացնել, ինչն ինձ հաջողվեց։ Այդ ամենը նաև ընկերներիս ու ուսուցիչների շնորհիվ էր։ Շնորհակալ եմ անմոռանալի պահերի և զգացողությունների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով