Թարգմանություն — Կավագործություն

Կավագործությունը համարվում է աշխարհի հնագույն արհեստներից մեկը։ Այն առաջացել է նեոլիթյան դարաշրջանում, ինչը հաստատվում է հնագիտական ​​պեղումների բազմաթիվ գտածոներով՝ ձեռքով քանդակված կավե իրեր, կրակի վրա ճաշ պատրաստելու պարզունակ սպասք, ջրի և հացահատիկի համար նախատեսված անոթներ։ Գոյատևելով մինչ օրս՝ այդ արտադրանքը շատ վառ կերպով պատմում է, թե ինչպես է զարգացել այս հնագույն արհեստը, որն ի վերջո վերածվել է արվեստի:

Կավն ամենատարածված և ամենահեշտ մշակվող նյութն էր: Վարպետի հմուտ ձեռքերում՝ անկերպարան, պլաստիկ նյութն ասես կախարդանքով վերածվում էր սպասքի, զարդերի, քանդակների։ Իհարկե, սկզբում հնագույն կավե անոթները պատրաստում էին ձեռքով և դրանց ձևը հեռու էր իդեալական լինելուց։ Բայց բրուտի անիվի հայտնագործմամբ, իսկ հետո՝այրման տեխնոլոգիայի հայտնաբերմամբ խեցեգործությունը դարձավ ամենատարածվածն առօրյա կյանքում:

Յուրաքանչյուր ազգ ունի խեցեգործության իր պատմությունը: Այսպես, Չինաստանում այն ​​առաջացել է դեռևս մ․ թ․ ա․ երկրորդ հազարամյակում և եղել է բարձր մակարդակի վրա․ այդ մասին վկայում է ճենապակու գյուտը:

Հին Հունաստանում այն ​​դարձել է իսկական արվեստ, ինչը հաստատում են հունական աշխարհահռչակ սքանչելի ծաղկամանները, ամֆորները և այլ արտադրանքներ։ Կավե այս աշխատանքները, որոնց վրա կային սև լաքով պատված գծանկարներ, համարվում էին շքեղության և հարստության նշան: Իսկ որոշ աֆրիկյան ցեղեր 20-րդ դարի սկզբին դեռ ձեռքով պատրաստում էին խեցեղեն, լցնում դրանք ծղոտով և ուղղակի չորացնում արևի տակ։

Աղբյուրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով