Ռուբինյաններ- հարցաշար

1․ Ինչպե՞ս ձևավորվեց Ռուբինյանների թագավորությունը։

Ռուբեն Բագրատունին Անիի վերջին գահակալ Գագիկ Բ Բագրատունու թիկնազորի հրամանատարն էր: Երբ 1045 թ.Գագիկ Բ, թողնելով Անին, հաստատվեց Կիլիկիայի սահմանագլխին և 1079 թ. սպանվեց բյուզանդացիների ձեռքով, Ռուբեն իշխանը, ամրանալով Կիլիկիայում՝ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերի շուրջը, ստեղծեց զորեղ իշխանություն: 1080 թ. նա Բարձրբերդում ապստամբության դրոշ բարձրացրեց ու Լեռնային Կիլիկիայի այդ շրջանն անկախ հռչակեց Բյուզանդիայից: Բյուզանդական զորքերը ցանկացան ճնշել հայերին, սակայն Ռուբենն իր շուրջը հավաքված քաջերով ջարդ տվեց ոսոխին: Նոր ստեղծված իշխանապետությունը հիմնադրի՝ Ռուբեն Բագրատունու անունով կոչվեց Ռուբինյան:

2․ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ռուբեն 1-ինը։

Ռուբենը կառավարման 15 տարիների ընթացքում բազմիցս ջարդեց ոչ միայն բյուզանդական, այլև սելջուկյան զորքերը և ամրապնդեց իր իշխանության դիրքերը տարածաշրջանում:

3․ Ի՞նչ հարաբերություններ ուներ Կոստանդին 1-ինը խաչակրաց արշավանքի կազմակերպիչների հետ։

Կոստանդին 1-ինի կառավարման տարիներին տեղի ունեցան խաչակրաց առաջին արշավանքները: Կոստանդինը դաշինք կնքեց խաչակիրների հետ և նրանց աջակցեց Եդեսիայի, Երուսաղեմի և Անտիոքի գրավման ժամանակ: Նա իր դստերը կնության տվեց Եդեսիայի դուքսին և նրա հետ բարեկամական պայմանագիր կապեց: Խաչակիրները Կոստանդինին շնորհեցին մարկիզի և դուքսի կոչումներ:


4․ Ի՞նչ քայլեր կատարեց Թորոս 1-ինը իշխանապետության ամրացման գործում։

Թորոս Առաջինը, շարունակելով պապի և հոր քաղաքականությունը, ավելի ամրապնդեց հայոց իշխանապետությունը Կիլիկիայում: 1104 թ., ջախջախելով բյուզանդական զորքերը, նա իր իշխանապետությանը միացրեց Սիսն ու Անարբազան, ինչպես նաև Դաշտային Կիլիկիայի մի հատվածը, իսկ 1107 թ. Քեսունի իշխանության տիրակալի՝ Գող Վասիլի հետ Բերդուսի ճակատամարտում ջախջախեց Իկոնիայի սուլթանության զորքերը: Թորոսը նույնպես խնամիական կապերով բարիդրացիական հարաբերություններ հաստատեց խաչակիրների իշխանությունների հետ: Կիլիկիայի հզոր իշխանապետը սուր ճոճեց նաև հանուն պատվի, 1111 թ. գրավեց Կիզիստրա բերդը և տանջամահ արեց հույն Մանդալե եղբայրներին, որոնք 1079 թ. դավադրաբար սպանել էին հայոց գահազուրկ Գագիկ Բ արքային՝ մետաղալարով խեղդամահ անելով և դին կախելով պարսպից: Թորոս Առաջինը կառուցեց Դրազարկի վանքը, որ դարձավ հայոց հոգևոր-մշակութային և գիտական հզոր կենտրոններից մեկը:


5․ Ինչպիսի՞ քաղաքականություն է վարել Լևոն 1-ինը։

Լևոնի իշխանության առաջին տարիները բավական բարենպաստ էին հայոց համար: Նա ջախջախեց սելջուկյան բանակները, ապա՝ խաչակիրներին և նրանց արտաքսեց Դաշտային Կիլիկիայից: 1132 թ. Լևոն Առաջինը ջարդեց նաև բյուզանդական զորքերը և ազատագրեց Կիլիկիո ծովափնյա քաղաքները՝ Տարսոնը, Մամեստիան և Ադանան: Լևոնը դաշինք կապեց Հալեպի Զանգի ամիրայի և Եդեսիայի կոմսության հետ, որտեղ կառավարիչն իր քրոջ որդին էր՝ Ջոսլինը: Վերջինիս հետ ջախջախեց Երուսաղեմի թագավորության և Անտիոքի դքսության զորքերը՝ ամրապնդելով իր իշխանության սահմանները հարավից: 1135 թ. նա գրավեց Սելևկյան և Դաշտային Կիլիկիան և ամբողջովին կցեց իր իշխանությանը:


6.Ի՞նչ տվյալներ կային Թորոս 2-րդի մասին։

1151 թ. Թորոսի տիրույթների վրա մեծաքանակ զորքով արշավեց բյուզանդական կայսր Անդրոնիկոս Կոմնենոսը: Մամեստիայի ճակատամարտում Թորոսը գիշերային անակնկալ հարձակումով գլխովին ջախջախեց բյուզանդական զորքերը: Նա ջարդեց նաև սելջուկների և Իկոնիայի սուլթանության զորքերը և ամրապնդեց հայոց իշխանությունը: 1162 թ. Թորոսը դարձյալ ստիպված էր կռվել Բյուզանդիայի դեմ Դաշտային Կիլիկիայի համար: Հայոց զորեղ իշխանը դարձյալ հաղթող դուրս եկավ և վերջնականապես վտարեց բյուզանդացիներին Կիլիկիո սահմաններից: 1168 թ. Թորոս 2-ը հիվանդացավ և հրաժարվելով իշխանությունից՝ կրոնավոր դարձավ Դրազարկի վանքում՝ գահը հանձնելով իր անչափահաս որդուն՝ Ռուբեն 2-ին: Շատ չանցած՝ նա մահանում է:


7․Վերլուծեք Մլեհի վարած քաղաքականությունը։

Իշխանության գալով՝ Մլեհը ձեռնամուխ եղավ երկրի ամրացման ու հզորացման գործին: Նա նախ ճնշեց կենտրոնախույս ուժերին, ապա եկեղեցուն՝ հօգուտ պետության բռնագանձելով վանքերում կուտակված հսկայական հարստությունները: Դաշնակցելով շրջակա մահմեդական իշխանավորների, հիմնականում՝ Նուր ադ-Դինի հետ՝ նա ջախջախեց Կիլիկիային սպառնացող բյուզանդական և խաչակիրների զորքերը: Մլեհը զորեղ գահակալ էր և ընդլայնելով հայկական իշխանության սահմանները՝ Կիլիկիան թագավորություն հռչակելու առաջին քայլերը ձեռնարկեց: Մլեհի գործունեությունից դժգոհ էր հատկապես Հայ առաքելական եկեղեցին, քանզի նա, դաշնակցելով իսլամական պետությունների հետ, իր սուրն ուղղում էր քրիստոնյա երկրների դեմ: Նա զորեղ ու հայրենասեր իշխան էր։


8․ Ներկայացրեք Հեթումյանների դավաճանության ձեր մեկնաբանությունը, Ռուբեն 3-րդի և Լևոն 2-րդի գործողությունները։

Օգտվելով Մլեհի մահից՝ բյուզանդացիներն ակտիվացան և Ռուբեն Երրորդից խլեցին Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և Մամեստիա քաղաքները: Հավաքելով ուժերը՝ Ռուբենն իր եղբայր Լևոնի հետ հակահարված հասցրեց Բյուզանդիային և վերագրավեց կորցրածը: 1180 թ. հայկական բանակը Բյուզանդիային հասցրեց վերջին վճռական հարվածն ու վերջնականապես դուրս շպրտեց Կիլիկիայի սահմաններից: Ռուբեն Երրորդը բարեկամական հարաբերություններ հաստատեց Երուսաղեմի թագավորության հետ՝ ամուսնանալով թագավորի ազգականուհի Իզաբելի հետ: Շուտով, սակայն, Հեթում Հեթումյան իշխանի դավադիր գործակցությամբ, Կիլիկիայի դեմ ոտնձգություններ սկսեց Անտիոքի դքսությունը: Անտիոքի դուքս Բոհեմունդը խաբեությամբ կալանավորեց Ռուբենին և որպես փրկագին նրանից պահանջեց հարկ և Կիլիկիո հարավարևելյան շրջանները: Ռուբենի եղբայրը՝ հայոց սպարապետ Լևոնը, փրկագնեց հայոց իշխանին, ապա Թիլ-Համտունի ճակատամարտում գլխովին ջախջախելով Անտիոքի դքսության զորքերը՝ ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլև կախման մեջ գցեց ոսոխին՝ նրա հյուսիսային շատ ամրոցներ ու հողեր միացնելով Կիլիկիայի հայկական իշխանությանը: Այս դեպքերից հետո Ռուբեն Երրորդը հրաժարվեց իշխանությունից և որպես կրոնավոր մտավ Դրազարկի վանք, որտեղ էլ կնքեց մահկանացուն: Կիլիկիայի հայկական իշխանության գահակալ դարձավ Լևոն Բ Մեծագործը:

Իմ կարծիքով այդ դավաճանությունը միայն ավելի մեծ իշխանության ձգտումից էր։ Նա ցանկանում էր ավելի բարձր պաշտոն, դիրք ունենալ և հաշվի էր առնում միայն իր սեփական շահերը, արհամարհելով երկրի և ժողովրդի դրությունը։


9․ Իր ո՞ր քայլերի համար է Լևոն 2-րդին տրվել Մեծագործ տիտղոսը․ արդարացնո՞ւմ եք այն։

Գահակալման ընթացքում Լևոնը շատ մեծագործություններով աչքի ընկավ,հենց այդ պատճառով էլ կոչվեց այդպես։ Այո՛, արդարացնում եմ։


10․ Ինչպե՞ս Ռուբինյաններին փոխարինեցին Հեթումյանները, ի՞նչ պայմաններում, ե՞րբ։

Հայոց արքա Լևոն 2-ը մահացավ 1219 թ.: Նա արու զավակ չուներ: Գահը ժառանգած արքայադուստր Զապելը։ Թագաժառանգ Զաբելն անչափահաս էր, ուստի և նշանակվել էին երեք խնամակալ՝ Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցին, Ատան պայլը և Կոստանդին Գունդստաբլը: Շուտով Ատան պայլը սպանվեց, իսկ Հայոց կաթողիկոսը մահացավ: Կոստանդին Գունդստաբլը մնաց Զաբելի միակ խնամակալ: Լևոն Ա-ի մահից հետո Հայոց գահին փորձեց տիրանալ Ռայմոնդ-Ռուբենը, սակայն պարտվեց, ձերբակալվեց և բանտարկվեց:

Հայոց արքունիքը որոշեց Զաբելին ամուսնացնել Անտիոքի դուքս Բոհեմունդ Դ-ի որդու՝ Ֆիլիպի հետ: Այս ընտրությունը պատահական չէր, քանզի փորձ էր արվում վերջ դնելու Անտիոքի և Կիլիկիայի միջև թշնամանքին: Նա պետք է երկիրը կառավարեր հայկական օրենքներով և հարգեր Հայոց եկեղեցու դավանանքը: Սակայն Ֆիլիպն սկսեց արհամարհել հայոց դավանանքը և հովանավորել խաչակիրներին: Նա արքունիքից հեռացնում էր հայ իշխաններին ու կարևոր պաշտոնները հանձնում խաչակիրներին: Զայրացած հայ իշխանները նրան բանտ նետեցին, որտեղ էլ նա մահացավ:

Հայ ավագանին Տարսոնում ժողով հրավիրեց և որոշեց Զաբելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի որդի Հեթումի հետ: 1226թ. Զաբելի և Հեթումի ամուսնությամբ լուծվեց գահակալության խնդիրը: Հեթումը հռչակվեց Հայոց թագավոր (1226-1270): Նա հիմք դրեց Հեթումյանների արքայատոհմին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով