Իսրայել Օրի և Հովսեփ Էմին

Էջմիածնի 1677թ. ժողովը և Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի պատվիրակությունը

Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի գործիչների քննարկման առարկան էր:

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր:

Նա շարունակում է ճանապարհը և, Կոստանդնուպոլսից ուղևորվելով Իտալիա, այնտեղից մեկնում է Ֆրանսիա: Այստեղ նա մտնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ ներկայանում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմին և նրա հետ քննարկում Հայաստանի ազատագրության մասին իր մտորումները: Հովհան Վիլհելմը հետաքրքրվում է Իսրայել Օրու մտահղացումներով և խոստանում աջակցել:

Մոտ քսան տարի Իսրայել Օրին դեգերում է Եվրոպայում: Հովհան Վիլհելմի խորհրդով Օրին որոշում է այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար: Նա ժամանում է Հայաստան, լինում է Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք:

Օրին Հայաստանում. Անգեղակոթի ժողովը

Սյունիքի Անգեղակոթ գյուղում Մելիք Սաֆրազի և Օրու ջանքերով 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Այնտեղ վճռվում է լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ռուսական իշխանությունների հետ: Այդ նպատակով մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն և նրան ուղեկցող կարգում Մինաս վարդապետ Տիգրանյանին:

Հովհան Վիլհելմին ուղարկված նամակում հայ մելիքներն ու զինվորականները խնդրում էին արագացնել Հայաստան զորք ուղարկելը: Նրանք միաժամանակ հայտնում էին, որ փոքրաթիվ օգնական զորքով Հայաստան ժամանելու պարագայում իրենք Հայաստանի թագավորությունը վերականգնելու համար անմիջապես զինված ապստամբություն կբարձրացնեն: Ռազմական օգնության դիմաց մելիքները պատրաստակամ էին Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր: Նրանք տեղեկացնում էին նաև, որ իրենք ռազմական պատրաստություն են տեսնում և երբ իշխանի զորքերը ժամանեն Հայաստան, իրենք անմիջապես կապստամբեն՝ պարսիկներին երկրից դուրս քշելու համար:

Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը

Վերադառնալով Եվրոպա՝ Իսրայել Օրին կազմում է Հայաստանի ազատագրության ծրագիր և ներկայացնում Հովհան Վիլհելմին: Այնտեղ թվարկվում էին այն ուղիներն ու միջոցները, որոնք անհրաժեշտ էին պարսիկներին Հայաստանից վտարելու համար: Ծրագրում կարևոր տեղ էր հատկացվում ինչպես Եվրոպայից սպասվող օգնությանը, այնպես էլ Հայաստանում հայկական ապստամբական ուժերի մասնակցության հարցին: Ծրագրվում էր ապստամբությանը մասնակից դարձնել և ազատագրական շարժման մեջ ընդգրկել նաև օսմանյան լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանը: Հովհան Վիլհելմը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ Ֆլորենցիա և Վիեննա՝ նրանց տիրակալների համաձայնությունը ևս ստանալու համար: Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, իսկ Վիեննայի արքունիքում հրաժարվում են մասնակցել Հայաստանի ազատագրման գործին, քանի որ Թուրքիայի հետ 1699թ. արդեն կնքել էին հաշտության պայմանագիր:

Եվրոպայում երկար դեգերելուց և հաջողության չհասնելուց հետո Իսրայել Օրին համոզվեց, որ Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության դեմ պայքարում Հայաստանի համար իրական դաշնակից այդ պահին կարող է լինել միայն Ռուսաստանը:

Իսրայել Օրին Ռուսաստանում

1701 թ. ամռանը Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և Պետրոս I կայսրին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը: Նախատեսվում էր կազմակերպել 25-հազարանոց բանակ, որի մի մասը՝ 10 հազարը, Հյուսիսային Կովկասից պետք է մտներ Վրաստան: Այնուհետև ռուս-վրացական զորքերին պետք է միանային նաև ապստամբություն բարձրացրած հայերի զինված ուժերը: Ենթադրվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել շատ կարճ ժամանակում, որովհետև թուլացած Պարսկաստանը չէր կարող դիմադրել այդ միացյալ բանակին:

Պետրոս I-ը, որ այդ ժամանակ զբաղված էր Հյուսիսային պատերազմով, հուսադրում է Իսրայել Օրուն, թե պատերազմի ավարտից հետո կզբաղվի այդ հարցերով: Միաժամանակ Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պետրոս I-ը որոշեց դեսպանություն ուղարկել Պարսկաստան: Դեսպանության ղեկավար նշանակվեց Իսրայել Օրին, որին տրվեց ռուսական բանակի գնդապետի աստիճան: Դեսպանության նկատմամբ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին նախ գնաց Եվրոպա: Նա իր հետ վերցրեց նաև Հռոմի պապի նամակը՝ ուղղված պարսից շահին, որտեղ խնդրում էր քրիստոնյա բնակչության նկատմամբ հալածանքներ թույլ չտալ:

Պարսկական դեսպանությունը և Իսրայել Օրու բանակցությունները

Ռուսաստանում ստանալով Պետրոս I-ի հանձնարարություններն ու նամակները՝ Ի. Օրին 1708թ. հասավ Շամախի քաղաք: Ռուսական դեսպանության ղեկավարի հայազգի լինելու հանգամանքը Անդրկովկասում մեծ տպավորություն գործեց: 1709թ. Ի. Օրին շարունակեց իր ճանապարհը, եղավ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին վերադարձավ Անդրկովկաս:

Անդրկովկասում նա կապեր հաստատեց Ղուբայի և Շամախու խաների, ինչպես նաև Հայաստանի ազատագրության համար պայքարելու պատրաստակամություն հայտնած տարբեր գործիչների հետ: Նա մեծ աշխատանք կատարեց նաև Ռուսաստանի նկատմամբ համակրանք ստեղծելու ուղղությամբ:

Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Աստրախանում 1711թ. Իսրայել Օրին անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձավ Արցախ:

Մեծ է Իսրայել Օրու գործունեության նշանակությունը ազատագրական պայքարի պատմության մեջ: XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազատագրական շարժման զարթոնքը մեծապես կապված է նրա անվան հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա՝ այն կապելով Ռուսաստանի հետ: Օրին գիտակցում էր ընդհանուր թշնամու դեմ բոլոր հնարավոր դաշնակիցներին համախմբելու նշանակությունը: Այդ պատճառով էլ բանակցություններ էր վարում ինչպես վրաց Արչիլ թագավորի, այնպես էլ պարսկական տիրապետությունից դժգոհ շրջակա մահմեդական տիրակալների հետ:

Քաղաքական դրությունը Անդրկովկասում

Ռազմական ճամբարների (սղնախներ) կազմավորումը

Պարսկաստանում առաջացած քաղաքական խառնաշփոթությունից օգտվելով՝ լեռնային լեզգիներն ասպատակում էին Շիրվանի և Արցախի բնակավայրերը: Այդ հարձակումներին դիմագրավելու համար Արցախի մելիքների զինված ջոկատները միավորվում էին: Ոգևորված ռուսական վերահաս արշավանքի լուրերով՝ Արցախի հայ բնակչությունը տրամադրված էր, զինական օգնություն ստանալու դեպքում, լիովին թոթափել օտարի լուծը: Ազատագրական պայքարին օժանդակելու համար Շիրվանի հայկական բնակավայրերից Արցախ տեղափոխվեցին ռազմական գործի հմուտ կազմակերպիչներ Ավան և Թարխան հարյուրապետները: Արցախահայության պայքարի ոգեշնչողն ու մելիքություններն իրար հետ միավորողը Գանձասարի հայոց կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր: Արցախում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ, որոնցից առավել հայտնի էին Գյուլիստանի, Շոշի (Շուշի), Ավետարանոցի, Ջրաբերդի և Քարագլխի սղնախները: Հայկական այդ ուժերը կարող էին վարել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական մարտեր: Դա կարևոր հանգամանք էր հայկական պետականության կորստից հետո ընկած երկար ժամանակաշրջանի համար:

Ռուսական զորքերի 1722թ. Կասպիական արշավանքը

Դեռևս Հյուսիսային պատերազմի ընթացքում Պետրոս I-ը ուշադիր հետևում էր Պարսկաստանում և Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: 1715թ. նա նոր դեսպանություն ուղարկեց Պարսկաստան՝ Ա. Վոլինսկու գլխավորությամբ: Նրան հանձնարարված էր հանգամանորեն ուսումնասիրել երկրում տիրող դրությունը և տեղեկություններ հավաքել Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող ժողովուրդների մասին:

Հայ ժողովրդի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար Հայաստան ուղարկվեց Ռուսաստանում Իսրայել Օրու գործի շարունակող Մինաս վարդապետ Տիգրանյանը:

XVIII դարի առաջին երկու տասնամյակներին Պարսկաստանում դրությունը շարունակում էր վատթարանալ: Պարսկական լծի տակ գտնվող ժողովուրդները, այդ թվում և հայերը, հարմար առիթի էին սպասում` թոթափելու պարսից տիրապետությունը: Զենքի ուժով նրանց հնազանդ պահելու փորձերն այլևս հաջողություն չէին ունենում: Պարսկական տիրապետության դեմ առավել եռանդուն էին գործում աֆղանները, որոնց հաջողվեց 1722թ. պաշարել և գրավել երկրի մայրաքաղաք Սպահանը:

Հյուսիսային պատերազմի ավարտից անմիջապես հետո Պետրոս I-ը ձեռնամուխ եղավ Կասպից ծովի արևմտյան երկրամասերի գրավմանը: Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Պետրոս I-ը 1722թ. արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս: Դերբենտը գրավելուց հետո Պետրոս I-ը, սակայն, անակնկալ վերադառնում է Աստրախան՝ զորքերի առաջխաղացումը դեպի Կասպից ծովի հարավային ափերը հետաձգելով հաջորդ տարվան:

Պարսկաստանում սկսված խառնակությունների ժամանակ Վրաստանի ազատագրման նպատակով ապստամբության նախապատրաստություններ էր տեսնում վրաց թագավոր Վախթանգ 6-րդը: Նա բանակցություններ էր վարում Պետրոս I-ի հետ՝ Ռուսաստանից օժանդակություն ստանալու համար: Պետրոս I-ը նրան տեղեկացրել էր ռուսական զորքերի` Անդրկովկաս արշավելու մասին և խոստացել օգնել Վրաստանին: Վախթանգ 6-րդը, իր հերթին, այդ ամենի մասին հայտնել էր Արցախի հայ ազատագրական ուժերին և առաջարկել համատեղ հանդես գալ պարսից լծի դեմ:

Հայ ազատագրական պայքարի առաջնորդները ստեղծված պայմաններում չէին կարող անտարբեր մնալ: Ազատագրական պայքարը կազմակերպելու համար Վրաստանից հայ կամավորների ջոկատով Սյունիք մեկնեց Դավիթ Բեկը: Արցախում մելիքների կողմից հավաքվել էր ավելի քան տասներկուհազարանոց զորք: Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի կոչով մոտ 10 հազար միացյալ զորաբանակով մելիքներն ու զորահրամանատարները գնացին Գանձակի մոտ գտնվող Չոլակ վայրը: Նրանք Վախթանգ 6-րդի բանակի հետ սպասելու էին Պետրոս I-ի զորքերի ժամանելուն:

Մոտ երկու ամիս սպասելուց հետո` 1722թ. աշնանը, լուր ստացվեց Պետրոս I-ի Դերբենտից վերադառնալու և արշավանքը հետաձգելու մասին: Վրացական բանակը վերադարձավ Թիֆլիս: Հայկական ուժերը, տուն դառնալով, ձեռնամուխ եղան Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը:

Թուրքական ներխուժումն Անդրկովկաս, ռուս-թուրքական 1724թ. պայմանագիրը

Պարսկական պետության թուլացումը, ռուսների Անդրկովկաս արշավելը և աֆղանների կողմից Սպահանի գրավումը հարմար առիթ էին Պարսկաստանի վաղեմի թշնամի Թուրքիայի համար: Նա անմիջապես ձեռնամուխ եղավ նվաճելու Պարսկաստանի արևմտյան նահանգներն ու Անդրկովկասը: Թուրքիան անհանգստացած էր նաև ազատագրական պայքարի ծավալմամբ և նպատակ ուներ ճնշելու հայ և վրաց ժողովուրդների ազատագրական շարժումները: Միաժամանակ նա ձգտում էր խոչընդոտել Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը և այդ տարածքները նրա տիրապետության տակ անցնելուն:

1723թ. հունիսին թուրքական բանակը ներխուժում է Թիֆլիս, գրավում քաղաքը և շարժվում դեպի Գանձակ: Վախթանգ 6-րդը հեռանում է Թիֆլիսից և այնուհետև մեծ շքախմբով Վրաստանից անցնում է Ռուսաստան:

Հաջորդ տարի Էրզրումում (Կարինում) կազմավորվում է թուրքական նոր բանակ՝ Արևելյան Հայաստանի և Ատրպատականի վրա արշավելու համար:

Այսրկովկասի ու Պարսկաստանի համար պայքարի ելած Ռուսաստանի ու Թուրքիայի միջև մրցակցությունը կարող էր վերաճել ռուս-թուրքական նոր պատերազմի: Դրանից երկուստեք փորձում են խուսափել: Երկար բանակցություններից հետո նրանք ի վերջո` 1724թ. հունիսի 12-ին, Կ.Պոլսում կնքում են պայմանագիր, որը պետք է կարգավորեր նրանց հարաբերությունները:

Այդ պայմանագրի համաձայն` Թուրքիան ճանաչել էր մերձկասպյան շրջանների միացումը Ռուսաստանին, իսկ ռուսական կողմը Թուրքիայի տնօրինությանն էր թողել Շամախիից արևմուտք ընկած երկրամասերը: Ռուսական հրամանատարությունը այդ պայմանագրից հետո այլևս չէր կարող օգնության գալ հայ ազատագրական ուժերին: Պայմանագրի կնքումը ավելի ազատեց Թուրքիայի ձեռքերը՝ Այսրկովկասում լայնաճակատ հարձակման անցնելու համար:

Երևանի 1724թ. հերոսական պաշտպանությունը

1724թ. գարնանը թուրքական բանակը ներխուժում է Արարատյան դաշտ: Նրան 40 օր դիմադրություն են ցույց տալիս Կարբի գյուղի բնակիչները: Նրանք համաձայնում են զենքը ցած դնել միայն այն պայմանով, որ թշնամու բանակը չմտնի Կարբի:

Նույն թվականի հունիսին պաշարվում է Երևան քաղաքը: Երևանի պաշտպանության համար ոտքի է կանգնում ինչպես քաղաքի, այնպես էլ շրջակա հայկական գյուղերի բնակչությունը: Երևանը վերածվում է ռազմական ճամբարի: Քաղաքը պաշտպանող հայկական ուժերը բաժանված էին ջոկատների: Յուրաքանչյուր ջոկատ ուներ իր տեղամասն ու հրամանատարը:

Հակառակորդի գրոհներն ավարտվում էին անհաջողությամբ: Սուլթանի հրամանով Երևան է բերվում նաև Գանձակի ուղղությամբ արշավող թուրքական բանակը: Թշնամու ուժերը կրկնապատկվում են: Հայերը հերոսաբար դիմադրում էին հակառակորդի հարձակումներին՝ նրան մեծ կորուստներ պատճառելով: Երևանի պաշտպանությունը տևեց մոտ երեք ամիս: Քաղաքն այլևս չէր կարող դիմանալ պաշարմանը, որովհետև սպառվում էին պարենը և զինամթերքը: Երևանի խանը համաձայնում է բանակցություններ վարել թուրքերի հետ: 1724թ. սեպտեմբերի 26-ին պաշարված քաղաքն անձնատուր եղավ: Թուրքերը միայն մեծ զոհերի գնով կարողացան գրավել Երևանը՝ կորցնելով ավելի քան 20 հազար զինվոր:

Երևանի պաշտպանությունը կասեցրեց թուրքերի սրընթաց առաջխաղացումը դեպի Սյունիք և Արցախ:

Հովսեփ Էմին

Հովսեփ Էմինի գործունեությունը Արևմտյան Եվրոպայում

Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում, որտեղից նրանց ընտանիքը տեղափոխվել էր Կալկաթա: Նա ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծի տակ գտնվող հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ ականատես էր Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը:

Երիտասարդ Էմինը որոշում է գնալ Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Նրան ոգևորում էին Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի մասին տեղեկությունները, որտեղ հայերը տարիներ շարունակ համառ կռիվներ էին մղում հայրենիքի ազատագրության համար:

1751թ. Էմինը, հակառակ հոր կամքին, որը նրան ուզում էր վաճառական դարձնել, ծառայության է մտնում Անգլիա մեկնող մի նավում և ուղևորվում Անգլիա: Անգլիայում Հովսեփ Էմինն ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիան, ծանոթանում անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ: Ակադեմիայում նա հմտանում է ռազմական գործի մեջ: Այնուհետև Էմինը մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու Ֆրանսիայի դեմ մղվող պատերազմին:

1759թ. Հովսեփ Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որ թուրքական տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան տերության օժանդակությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ Վրաստանը:

Հովսեփ Էմինը Ռուսաստանում և Անդրկովկասում

Վերադառնալով Անգլիա՝ Էմինը հանդիպում է Անգլիայում ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված հանձնարարական նամակ՝ ճանապարհվում է (1761 թ.) Պետերբուրգ: Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում: Նա մտադիր էր հայրենիքի ազատագրության համար վրաց Հերակլ II թագավորի հետ դաշնակցած պայքարել թուրքական տիրապետության դեմ:

Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհում է Վրաստան: Մոսկվայում Հովսեփ Էմինին է միանում Մովսես Բաղրամյանը, իսկ Աստրախանում հավաքագրվում է կամավորների ջոկատ, որն ուղեկցում է Էմինին:

Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրերին և նրան հանձնարարում է եվրոպական ռազմական արվեստով վարժեցնել վրացական զորքին:

Հայաստանում ազատագրական շարժումն աշխուժացնելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սբ. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Վերջինս մեծ աշխատանք էր տանում ջոկատներ հավաքագրելու և Թուրքիայի հպատակության տակ գտնվող ասորիների ու քրդերի հետ համագործակցելու ուղղությամբ: Հովնանը պնդում էր, որ Էմինը Հայաստան գալու ժամանակ ունենա վրաց թագավորի կողմից տրամադրված թեկուզև փոքրիկ մի զորաջոկատ: Դրանով թուրքերը կհամոզվեն, որ վրացիներն էլ են հայերի հետ: Հերակլ II-ը, զգուշանալով Թուրքիայի հետ ընդհարումից, երկար ժամանակ տատանվում էր որոշակի խոստումներ տալ:

1764թ. Հ. Էմինը և Հերակլը խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին: Նամակատարը Երևանում խանի մարդկանց կողմից ձերբակալվում է: Տեղեկանալով այդ մասին՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հանդես է գալիս Էմինի և Հովնանի ծրագրերի դեմ (նա անիրագործելի էր համարում սեփական ուժերով Թուրքիայի և Պարսկաստանի դեմ հաղթանակի հասնելը): Նա նամակով կշտամբում է Հերակլ II-ին Էմինին ընդառաջելու համար: Զգուշանալով հետագա անախորժություններից՝ Հերակլը Հովսեփ Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:

Հ. Էմինը հարկադրված անցնում է Հյուսիսային Կովկաս, որտեղ մնում է ավելի քան մեկ տարի: 1766թ. նա վերադառնում է Հայաստան և հանգրվանում Գետաշենում գտնվող Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Էմինը Գետաշենում մասնակցում է Գանձակի խանի անակնկալ արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած ճակատամարտին: Հայկական զորքերը ջախջախիչ պարտության են մատնում խանի բանակին: Նրան հետապնդում են մինչև Գանձակի դարպասները և պաշարում քաղաքը: Հերակլ II-ի միջնորդությամբ հայկական զորքը դադարեցնում է պաշարումը:

Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Հ. Էմինը Շուշիում այցելում է Իբրահիմ խանին և ապա մեկնում Գանձասար: Այստեղ նա տեղեկանում է, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը բանադրանքի սպառնալիքով հրամայել է չընդունել և չօժանդակել Էմինին: Համոզվելով, որ Արցախում կատարում են Սիմեոն Երևանցու հրամանը, նա փորձում է դիմել այլ միջոցների, որոնք սակայն նույնպես վերջանում են անհաջողությամբ:

Անհաջողությունները զգալի չափով հուսահատեցնում են Հ. Էմինին: 1770թ. նա վերջնականապես վերադառնում է Հնդկաստան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով