Հեռախոսը որպես հաղորդակցման միջոց և դրա առանձնահատկությունները

Ժամանակակից գործնական կյանքն անհնար է պատկերացնել առանց հեռախոսի: Դրա շնորհիվ մի քանի անգամ բարձրանում է հարցերի լուծման արագությունը, վերանում նամակ գրելու, հեռագիր ուղարկելու կամ այլ վայր մեկնելու անհրաժեշտությունը: Հեռախոսով կարելի է անցկացնել բանակցություններ, տալ հանձնարարություններ, շարադրել խնդրանք, պայմանավորվել և այլն: Վաղուց է ինչ մարդկությունը օգտվում է հեռախոսից, սակայն, հեռախոսով հաղորդակցվելու էթիկային տիրապետում են ոչ բոլորը: Միտքը բովանդակալից և հակիրճ ձևակերպել չկարողանալը բերում է խոսակցության երկարաձգման: Հեռախոսային խոսակցության ժամանակ ունենալ չափի զգացողություն և ճիշտ ժամանակի դուրս գալ հեռախոսային խոսակցությունից: Բացի այդ, երկար խոսակցություններ վարելով՝ կարող եք ձեռք բերել դատարկախոսի համբավ և դրանով վնասել ձեր ֆիրմայի հեղինակությանը: Կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ գործարարների աշխատաժամանակի ծախսի հիմնական պատճառներից է հեռախոսային խոսակցությունները: Հոգեբանների կարծիքով՝ հեռախոսային խոսակցության ձգձգումը կախված է հուզականությունից: Չափից դուրս հուզականությունը նախապայմաններ է ստեղծում խոսակցական անճշտությունների, դարձվածքների ոչ գործնականության համար: Հեռախոսային խոսակցության հագեցվածության նախանշաններն են` գործընկերոջ նկատմամբ անպատճառ դժգոհության ծագումը, խոսելաոճը, գրգռվածությունը: Հեռախոսային խոսակցութունների վարման արվեստն այն է, որ կարճ հայտնեք այն ամենը, ինչը պետք է ակնկալվող պատասխանը ստանալու համար: Զրույցի ընթացքում անհրաժեշտ է անմիջապես հետաքրքրել զրուցակցին. դրան կարող են նպաստել ներշնչման և համոզման մեթոդները: Ձայնի բարձրությունը, երանգը, հնչերանգը ուշադիր լսողին շատ բան է ասում: Գործընկերոջ տան հեռախոսահամարին զանգահարե°ք միայն լուրջ պատճառի առկայության դեպքում, կարևոր չէ ենթակա՞ է, թե՞ ղեկավար: Էթիկայի կանոնները թույլ չեն տալիս զանգահարել ժամը 22-ից հետո, եթե դրա համար չկա խիստ անհրաժեշտություն կամ նախնական պայմանավորվածություն: Նաև բջջային հեռախոսների ոչ ճիշտ կիրառումը և վարվելակերպը կարող են հանգեցնել հաղորդակցման բնականոն ընթացքի խախտման: Այդ իսկ պատճառով պետք է նաև տիրապետել բջջային հեռախոսից օգտվելու էթիկային: Բջջային հեռախոսը հնարավորություն է տալիս ժամանակ խնայել, առավել արագ տեղեկություններ ստանալ: Միևնույն ժամանակ դրա ոչ ճիշտ կիրառությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ, եթե այն օգտագործվում է գործնական զրույցի, հաճախորդների սպասարկման ժամանակ: Մի շարք հասարակական վայրերում խորհուրդ է տրվում բջջայինն անջատել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով