Կրոնական հավատալիքներ

Ֆետիշիզմ, գերբնական հատկություններ վերագրվող անշունչ առարկաների երկրպագություն։

Ֆետիշիզմի բոլոր վաղ կրոնական ձևերի ու զարգացած կրոնական համակարգերի բաղադրամասը կազմող կրոնական աշխարհընկալման տարրերից է։ Ֆետիշներ կարող են լինել քարերը, փայտերը, ծառերը, բնական կամ ձեռակերտ ցանկացած առարկան։ Ֆետիշների պաշտամունքի ձևերը նույնպես բազմազան են։ Ֆետիշներին մատուցվող զոհաբերություններից մինչև դրանց մեջ գամեր խրել (իբր ոգուն ցավ պատճառելու ու դրանով իսկ նրան ուղղված խնդրանքը կատարել ստիպելու համար)։

Ֆետիշիզմը լայնորեն տարածված է նաև արդի կրոններում, օրինակ՝ «սև քարի» (Մեքքայում ) պաշտամունքը մուսուլմանների մեջ, մեռած հոգևորականների աճյուններով պաշտամունքային շինություններինը՝ բուդդայականության մեջ, բազմաթիվ «հրաշագործ» սրբապատկերների ու մասունքների երկրպագությունը՝ քրիստոնեության  մեջ։

Տոտեմիզմ, մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներ , բույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ առարկաներ ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք տոհմացեղային հասարակության մեջ։ Տոտեմիզմի հիմնական տեսակը տոհմային է։ Տոտեմը (ավելի հաճախ՝ կենդանու տեսակ) իր անունը կրող խմբի (սովորաբար՝ տոհմ, համայնքի) կրոն, պաշտամունքի առարկան է։ Տոտեմիզմ առավել ամբողջությամբ պահպանվել է Ավստրալիայի բնիկների մեջ։ Տոտեմիզմի վերապրուկներ նկատվում են աշխարհի բոլոր կրոններում, ներառյալ հուդայականությունը,  քրիստոնեությունը ,  բուդդայականությունը , հնդուիզմը , մահմեդականությունը ։

Անիմիզմ – տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցրել անգլիացի գիտնական Է. Թայլորը,
ով անիմիզմը համարում է կրոնի նախնական ձև: Անիմիզմը հավատքն է բազմաթիվ ոգեղեն էակների գոյության նկատմամբ,
որոնք իրենց մասնակցությունն են ունենում մարդկանց ամենօրյա գործունեության մեջ ու կարող են օգնել կամ խանգարել մարդուն իր նպատակներին հասնելու գործում: Նախամարդը բոլոր ոգիներին պատկերացնում էր մարմնավոր կերպարանքով, քանի որ նրա բանականությունը դեռևս հնարավորություն չուներ վերարցարկման միջոցով հասնելու անմարմին ոգիների գոյության գաղափարին: Ոգեպաշտական հավատալիքները ուղղակիորեն կապված են անդրշիրիմյան կյանքի պատկերացումների հետ, որտեղ, համաձայն վաղնջական հավատալիքների, հայտնվում են բոլոր մարդկանց ոգիները կամ հոգիները մահվանից հետո:

Մոգությունը, վաղնջական կրոնական հավատալիք է: Այն մարդու հավատքն է իր գերբնական ընդունակությունների նկատմամբ, որոնցով նա սիմվոլիկ գործողությունների շնորհիվ կարողանում է ազդել իրականության տարբեր երևույթների վրա ու փոխել դրանց ընթացքը:

Մոգական գործողությունները բավականին տարբերվում են իրարից իրենց բարդությամբ, ուղղվածությամբ, իրականացման տեխնիկայով և որ ամենակարևորն է` հետապնդած նպատակով: Այդ պատճառով էլ մոգական գործողությունները բաժանվում են երկու մեծ խմբերի` ագրեսիվ կամ պաշտպանական մոգություն, դրական ու բացասական մոգություն:

Մոգությունը դիմացել է դարերի փորձությանը ու այսօր տարբեր ձևերով պահպանվել է բոլոր մայրցամաքներում: Ժամանակակից բոլոր կրոններում առկա են մոգության տարրեր, քանի որ նույնիսկ համաշխարհային կրոնների մեջ գրավչություն ստեղծողը հենց մոգական գործողություններն ու ներգործություններն են, որոնք արտահայտվում են կրոնների տարաբնույթ գործառույթների մեջ:

Նկարել և նկարագրել ձեր տոտեմը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով