Գնաճ, Ֆինանսական համակարգ

https://www.boonus.am/lesson/93

https://www.boonus.am/lesson/94

Գնաճը տնտեսության վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշներից է, ընդ որում՝ ոչ միայն սպառողների, այլ նաև ներդրողների տեսանկյունից: Հենց ապագա գնաճի մասին պատկերացումների հիման վրա ենք մենք որոշում՝
սպառել այսօր, թե խնայել այդ գումարը՝ ներդնել այն որևէ գործիքում՝
հետագայում սպառելու համար:
Գնաճն ազդում է մարդկանց գնողունակության վրա: Եթե X ապրանքն անցյալ
տարի արժեր 200 դրամ, 1000 դրամով հնարավոր կլիներ ձեռք բերել 5 հատ X
ապրանք, իսկ եթե այն դառնա 250 դրամ, գնորդը չի կարող ձեռք բերել 5 հատ,
այլ միայն 4-ի համար կբավարարեն միջոցները: Այս իրավիճակին անվանում
ենք գնողունակության անկում:


Հաճախ գների բարձրացումը շփոթում են գնաճի հետ: Այսպիսի
տպավորության հիմնական պատճառը կարող է լինել այն, որ դժվար է հետևել
տարբեր ապրանքների և ծառայությունների գների փոփոխություններին:
Գնաճը հաշվարկելու համար պետք է հաշվի առնել, թե ինչ ապրանքներ և
ծառայություններ են մարդիկ սպառում:

Այդ ապրանքներն ու ծառայությունների ամբողջությանն անվանում
ենք սպառողական զամբյուղ։ Սպառողական զամբյուղի մեջ մտնող
ապրանքների և ծառայությունների գները երբեք հավասարաչափ չեն
փոխվում. մի մասը աճում է, մի մասը նվազում։ Այդ ամենը մեր երկրում
հաշվարկվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ կենտրոնական
բանկի հիմնական խնդիրներից է գների կայունության ապահովումը, ՀՀ
կենտրոնական բանկը նույնպես իրականացնում է գնաճին ուղղված
բազմաթիվ ուսումնասիրություններ և հաշվարկներ, որոնք ներկայացված են
ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում :


Գնաճը ապրանքների և ծառայությունների գների ընդհանուր
մակարդակի բարձրացումն է։
Որոշ ապրանքների գների բարձրացումը դեռեւս գնաճ չէ։


Գնաճի տեմպի, ինչպես նաև ապագայում գնաճի կանխատեսումների մասին
տեղեկացված լինելը օգնում է մեզ խելամիտ պլանավորել մեր հետագա
ծախսերը:

Օրինակ
Եթե քո ընտանիքում ներկայումս սննդի, հագուստի և այլ կենցաղային
նպատակների համար կատարվող ընթացիկ ծախսերը կազմում են միջինում
ամսական 160 000 դրամ, ենթադրենք, որ ամեն տարի գրանցվել է 4% գնաճ,
ապա 5 տարիների ընթացքում ամեն հաջորդ տարի նույն ապրանքներն ու
ծառայությունները ձեռք բերելու համար ձեզ պետք կլինի՝
2-րդ տարի՝ 160 000 + 160 000 * 4% = 166 400
3-րդ տարի՝ 166 400 + 166 400 * 4% = 173 056
4-րդ տարի՝ 173 056 + 173 056 * 4% = 179 978
5-րդ տարի՝ 179 978 + 179 978 * 4% = 187 177


Ստացվեց, որ նույն ապրանքները և ծառայությունները ձեռք բերելու համար 5
տարի հետո 160 000 դրամի փոխարեն ձեզնից կպահանջվի մոտավորապես 190
000 դրամ:
Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ գործոնների ազդեցությամբ երկրում կարող
է տեղի ունենալ գնաճ կամ գնանկում: Ընդհանուր առմամբ, այդ գործոնները
կարելի է դասակարգել երկու խմբի՝ պահանջարկի գործոններ և առաջարկի
գործոններ:
Դու արդեն ուսումնասիրել ես, թե ինչ են պահանջարկը եւ առաջարկը,
վերհիշենք։
Տնտեսության որոշ խաղացողներ պահանջում են իրենց անհրաժեշտ
ապրանքներն ու ծառայությունները, որին կանվանենք պահանջարկ, օրինակ՝
ես ծարավ եմ, ունեմ խմելու պահանջմունք, դրա համար ես վաճառողից
կպահանջեմ մեկ շիշ ջուր։ Իսկ այլ խաղացողները՝ կտրամադրեն դրանք, որին
էլ կանվանենք առաջարկ. այդ վաճառողը 200 դրամի դիմաց ինձ կառաջարկի
մեկ շիշ ջուր։
Գնաճի վրա ազդող պահանջարկի գործոններից քննարկենք ամենաէականը՝
եկամուտները:


Պահանջարկի վրա ազդող ամենաէական գործոնը մեր
եկամուտներն են:

Օրինակ
Ենթադրենք մեր ամսական եկամուտը կազմում է 150,000 դրամ և մենք մեր
ամսական ծախսերը իրականացնում ենք, այնպես, որ դրանց արժեքը
չգերազանցի մեր եկամտի չափը: Հիմա ենթադրենք, որ մեր եկամուտները
հանկարծ ավելանում են։ Օրինակ՝ արտասահմանում աշխատող
բարեկամներից հավելյալ 50,000 դրամի փոխանցման շնորհիվ: Բնական է, որ
մենք կսկսենք սպառել ավելի շատ, քան նախկինում, ինչը կբերի գնաճի, քանի
որ կոնկրետ ապրանք արտադրող կազմակերպությունը, ում ապրանքների
նկատմամբ պահանջարկը ավելացել է, կպահանջի ավելի շատ հումք, իսկ
տնտեսության սահմանափակ ռեսուրսների պայմաններում հավելյալ
սպառումը նման պայմաններում կբերի շղթայական թանկացումների ու գների
ընդհանուր մակարդակի բարձրացման:
Ընդ որում՝ պահանջարկի գործոններով պայմանավորված գնաճը կամ
գնանկումը ունենում է երկարատև բնույթ և ազդում է սպառողների
գնողունակության վրա ոչ միայն այս պահին, այլ նաև հետագայում՝
նվազեցնելով սպառողների գնողունակությունը, կամ էլ դանդաղեցնելով
տնտեսական աճը:


Մեր նախորդ դասերի ժամանակ արդեն խոսել ենք ՀՀ Կենտրոնական բանկի
մասին։ Այն յուրահատուկ և անկախ ֆինանսական հաստատություն է, որի
հիմնական երկու նպատակներից մեկը գների կայունության ապահովումն է:
Այդ նպատակները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ։ Գների
կայունության նպատակով ԿԲ-ն իրականացնում է պահանջարկի խթանման եւ
զսպման քաղաքականություն՝ դրամավարկային քաղաքականություն։ Այլ
քաղաքականություններին ավելի մանրամասն կանդրադառնանք մեր մյուս
դասին, իսկ այս դասին կքննարկենք հենց դրամավարկային
քաղաքականությունը։


Դրամավարկային քաղաքականությունը կենտրոնական բանկերի
կողմից վարվող քաղաքականություն է, որի նպատակը,
տնտեսությունում շրջանառվող փողի քանակը կամ փողի գինը
(տոկոսադրույքը) փոփոխելով, գների կայունության ապահովումն է:


Դրամավարկային քաղաքականությունը կարող է լինել խթանող կամ
զսպող
: Եթե տնտեսությունում պահանջարկն այնքան արագ է աճում, որ
կարող է առիթ դառնալ բարձր գնաճի, Կենտրոնական բանկը սկսում է զսպել
այդ միտումները և վարում է զսպող դրամավարկային քաղաքականություն,
իսկ պահանջարկի նվազման պարագայում, երբ պետք է վերջինիս
ակտիվացնել և «վերակենդանացնել», վարվում է խթանող դրամավարկային
քաղաքականություն:


Կենտրոնական բանկը տնտեսությունում այն կառույցն է, որը առևտրային
բանկերին կարող է վարկ տրամադրել։ Իսկ թե այդ վարկը ի՞նչ
տոկոսադրույքով է տրամադրվում, անվանում ենք վերֆինանսավորման
տոկոսադրույք։


Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսադրույքն է, որով
Կենտրոնական բանկն առևտրային բանկերին տրամադրում է
վարկեր:


Հիմա եկեք տրամաբանենք. եթե առևտրային բանկերն ավելի էժան գումար
ստանան, ապա արդյոք շահագրգռված չե՞ն լինի ավելի շատ գումար
«վերցնել» և պարտքով տրամադրել բիզնես վարողներին և սպառողներին:
Ուրեմն տնտեսություն ավելի շատ գումար կմտնի, տնտեսությունը կսկսի
ակտիվանալ, քանզի բանկային տոկոսադրույքները ևս կնվազեն, բիզնեսներն
ավելի շատ ապրանքներ եւ ծառայություններ կարտադրեն, մարդիկ ավելի
շատ կգնեն վերջիններից: Սա խթանող դրամավարկային քաղաքականության
տեսակ է, որի արդյունքում անուղղակիորեն աճում է փողի առաջարկը՝
ակտիվացնելով նաև պահանջարկը:
Իսկ եթե Կենտրոնական բանկը բարձրացնի վերաֆինանսավորման
տոկոսադրույքը, այսինքն՝ ավելի թանկ լինեն առևտրային բանկերի
ստացվելիք փողերը, տոկոսադրույքները կսկսեն աճել, բանկերը, վարկային
կազմակերպություններն ավելի քիչ գումար կներարկեն տնտեսություն, որի
արդյունքում կզսպվեն ակտիվության բարձր տեմպերը: Սա արվում է մի
իրավիճակում, երբ տնտեսությունը գերակտիվ վիճակում է: Նման
քաղաքականությունն էլ կկոչվի զսպող դրամավարկային
քաղաքականություն, որը կրկին անուղղակիորեն կնվազեցնի փողի
առաջարկը, կզսպի պահանջարկը, գները կնվազեն:


Դրամավարկային քաղաքականության նպատակներից ելնելով՝ շատ երկրներ,
որպես իրենց գործիք տոկոսադրույքի փոխարեն օգտագործում են
փոխարժեքը:


Փոխարժեքը մի արժույթի գնանշումն է այլ արժույթի նկատմամբ։


Ըստ էության արտարժույթը ֆինանսական կազմակերպությունների (բանկերի,
արտարժույթի փոխանակման կետերի) համար հասարակ առուվաճառքի
«ապրանք» է, ինչպես, օրինակ, ցորենը կամ կարտոֆիլը գյուղատնտեսի
համար: Ուստի ֆինանսական կազմակերպություններն իրենք են որոշում
իրենց կողմից գնվող կամ վաճառվող արտարժույթի գները արտարժույթի փոխարժեքները՝ ելնելով տվյալ արտարժույթի առաջարկից ու պահանջարկից և արտարժույթի շուկայի իրավիճակից։ Ինչպես նշեցինք, որոշ երկրներ փոխարժեքն են օգտագործում՝ գների կայունության նպատակին հասնելու համար: Այստեղ, փոխարժեքն է որոշակի մակարդակում պահվում, որպեսզի կարգավորվի տնտեսությունում ազգային արժույթի քանակը: Այս քաղաքականությունը, սակայն բավական ռիսկային է, այն պատճառով, որ շատ հաճախ երկրները չեն ունենում համապատասխան հնարավորություն պահելու փոխարժեքը իրենց կողմից հայտարարված մակարդակում։ Դա կարող է լինել այնպիսի պատճառով, ինչպիսին է սպեկուլյացիան: Դրա օրինակ է այն, որ սպառողները գնում են արտարժույթ՝ իմանալով, որ հետո դրա գինը կբարձրանա, կվաճառեն եւ օգուտ կստանան։ Ասվածի ամենադասական օրինակը, այնպես կոչված «Սև չորեքշաբթին» էր, երբ 1992թ. սեպտեմբերի 16-ին Մեծ Բրիտանիան, որը անդամակցել էր այդ ժամանակ դեռ նոր ստեղծվող եվրոյի համակարգին և, ըստ էության, վարում էր ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն՝ հայտարարել էր, որ պահելու է փոխարժեքը որոշակի մակարդակում։ Սակայն դա չհաջողվեց, որովհետեւ չկարողացավ դիմակայել սպեկուլյատիվ հարձակումներին, որոնցից էր, օրինակ Ջորջ Սորոսինը։ Սորոսը վստահ էր, որ ի վերջո Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի կարողանալու պահել փոխարժեքը իր հայտարարած մակարդակում։ Նա եւ այլ սպեկուլյանտներ այնքան շատ ֆունտ ստերլինգ էին փոխանակում այլ արժույթով՝ հետագայում դա հետ գնելու պայմանով։ Փաստորեն նրանք արտարժույթ էին պահանջում՝ ֆունտ ստերլինգի դիմաց։ Հիշի’ր, որ ինչը քիչ է, թանկ է։ Եթե նրանք շատ էին արտարժույթ պահանջում, արտարժույթը նվազում էր եւ թանկանում։ Այսինքն արհեստականորեն
ավելացնում էին արտարժույթի նկատմամբ պահանջարկն ու ստեղծում ֆունտ
ստերլինգի արժեզրկման ճնշում, որ ի վերջո՝ ստիպեցին Անգլիայի
կառավարությանը հրաժարվել փոխարժեքը պահելու իրենց մտադրությունից,
ֆունտ ստերլինգը կտրուկ արժեզրկվեց և դա ավելի էժան գնով հետգնելու
արդյունքում սպեկուլյանտները ունեցան ահռելի շահույթ։ Գնահատվում է, որ
Սորոսի շահույթը արդյունքում կազմել է 1 մլրդ դոլար, իսկ Մեծ Բրիտանիայի
Կառավարության կրած կորուստը գնահատվում է 3.3 մլրդ ֆունտ ստերլինգ:


Հայաստանում գործում է ազատ լողացող փոխարժեքի ռեժիմ, որի
պայմաններում դրամի փոխարժեքը ձևավորվում է ազատ շուկայում արտարժույթի առաջարկի ու պահանջարկի փոխազդեցությամբ։ ՀՀ կենտրոնական բանկը ամեն օր միայն հաշվարկում է, թե նախորդ օրվանից մինչեւ այդ օրը հրապարակելու ժամը որքան առաջարկ եւ պահանջարկ է եղել, հաշվում է միջինը եւ հրապարակում։

Մենք խոսում էինք պահանջարկը կարգավորող գործոններից։ Ի հակառակ դրան՝ գնաճի վրա ազդող գործոնների մյուս խումբը՝ առաջարկի գործոնները, ունեն ժամանակավոր բնույթ: Ասվածը հիմնավորենք հետևյալ օրինակով:

Օրինակ

2017թ-ի վերջին միջազգային շուկաներում տեղի ունեցան կարագի գների էական թանկացումներ: Բնական է, որ Հայաստան ներմուծվող կարագի գները ևս թանկացան, և դրան զուգահեռ թանկացավ նաև տեղական արտադրության կարագի գինը: Քանի որ այս դեպքում տեղի չէր ունեցել պահանջարկի որևիցե մի փոփոխություն, ապա այսպիսի իրավիճակին դրամավարկային քաղաքականության արձագանքը՝ ուղղված պահանջարկի զսպմանը, ոչ միայն կլիներ սխալ, քանի որ պահանջարկը իրականում զսպման կարիք չուներ, այլ նաև կարող էր բերել թանկացումների շղթայական փոխանցմանը նաև այլ ապրանքների վրա. կրճատելով պահանջարկը՝ կլիներ գների ընդհանուր մակարդակի բարձրացում: Մինչդեռ առաջարկի նկարագրված փոփոխությանը չարձագանքելու արդյունքում, երկրում ապահովվեց գների կայունություն, իսկ կարագի գները միջազգային շուկաներում կայունանալուց հետո, կայունացան նաև Հայաստանում:

Գների կայունությանն ուղղված քաղաքականությունը պետք է արձագանքի միայն պահանջարկով պայմանավորված գնաճին կամ գնանկմանը:

Վերջում ցանկանում եմ խոսել տնտեսության եւ տնտեսվարող սուբյեկտների վրա գնաճի ազդեցությունից։ Երբ մարդիկ վստահ են, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում լինելու է ցածր և կայուն գնաճ, այսինքն՝ չի լինելու գնողունակության էական կորուստ, ապա շահագրգռված են ոչ թե իրենց ամբողջ գումարը սպառել այսօր, այլ խնայել իրենց եկամուտների մի մասը և ներդնել՝ ակնկալելով 5 տարի հետո ունենալ ավելի շատ սպառելու հնարավորություն: Ներդրումներն էլ իրենց հերթին բերում են արտադրության ծավալների ավելացման, տնտեսական ու ամբողջ հասարակության բարեկեցության աճի:

Կարող ենք ասել, որ բարձր և տատանողական գնաճը բարձրացնում է ապագայի նկատմամբ անորոշությունները՝ տնտեսավարողների և սպառողների մոտ, դրանով իսկ խանգարելով սպառման, խնայողությունների և ներդրումների վերաբերյալ վերջիններիս որոշումների կայացման նորմալ գործընթացին, բերում է երկարաժամկետ գործարար ծրագրերում ներդրումների կրճատմանը և, բնականաբար, բացասական է ազդում տնտեսության կայուն աճի վրա:

Եթե արտադրողները սպասեն, որ ապագայում անընդհատ գնաճ է լինելու, թվում է նրանք պետք է շահագրգռված լինեն ավելացնելու իրենց
արտադրության ծավալները: Սակայն գների բարձրացումը կդրդի
բնակչությանը՝ աշխատողներին, պահանջել նաև իրենց աշխատավարձերի
աճ, հետևաբար գներին զուգահեռ կաճեն նաև արտադրողների ծախսերը,
կազմակերպությունները ստիպված կլինեն կրկին բարձրացնել գները, իսկ
աշխատողները կրկին պահանջել աշխատավարձի աճ և այսպես շարունակ:
Բացի այդ՝ բարձր և տատանողական գնաճը բացասաբար է անդրադառնում
նաև ռեսուրսների արդյունավետ բաշխման վրա. հնարավոր է, որ մարդկանց
ներդրումները ուղղվեն միայն այն ոլորտներ, որտեղ գնաճը այդքան բարձր չէ՝
օրինակ, անշարժ գույքի շուկա, մինչդեռ ցածր գնաճի պայմաններում դրանք
կարող էին ուղղվել ավելի ճիշտ ոլորտներ ու ապահովեին տնտեսության
զարգացում:


Դրա համար էլ աշխարհի գրեթե բոլոր կենտրոնական բանկերը նպատակ են
հետապնդում ապահովել գների կայունությունը: Ինչպես արդեն նշել ենք,
այդպիսի նպատակ ունի նաև ՀՀ կենտրոնական բանկը:


Գների կայունությունը նպաստում է կայուն տնտեսական աճին և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:

Ինչպես պարզեցինք ցածր և կայուն գնաճը կայուն տնտեսական աճի հիմքն է:
Այստեղ, սակայն, կարող է բնական հարց առաջանալ, որն է գնաճի այն
մակարդակը, որի դեպքում կհամարենք, որ երկրում ունենք գների
կայունություն և ինչու՞ չձգտել երկրում ունենալ 0% գնաճ: Բանն այն է, որ
քանի որ գնաճը չափվում է հիմնվելով սպառողական զամբյուղի վրա
վիճակագրական անճշտությունների պատճառով այն միշտ համարվում է
գերագնահատված, այսինքն` սահմանել 0%, նշանակում է իրականում
ծրագրել գնանկում: Իսկ տևական գնանկումը բացասական է ազդում
տնտեսության վրա. արտադրողները գնանկման ժամանակ փորձում են
կրճատել իրենց ծախսերը՝ հարմարվելու նոր ցածր գներին, բայց, քանի որ
աշխատավարձերը հիմնականում բավական դժվար են վերանայվում
նվազման ուղղությամբ, ապա նրանք առավել գերադասում են դրանք
իջեցնելու փոխարեն կրճատել իրենց աշխատողների թվաքանակը՝
արդյունքում բարձրացնելով գործազրկության մակարդակը:
Հենց այս պատճառով էլ շատ երկրների կենտրոնական բանկեր
թիրախավորում են որոշակի ցածր մակարդակի դրական գնաճ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով