Ենթակա թագավորությունների առաջացումը

Հայոց Սմբատ Ա թագավորը, թագ տալով վրաց իշխան Ատրներսեհին և Հայոց Արևելից կողմերի իշխան Համամին, ավատատիրական անջատողական ձգտումների համար պարարտ հող նախապատրաստեց: Ճիշտ է, նրանք ենթարկվում էին Սմբատ Ա-ին, որն իրեն կոչում էր «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»: Արծրունիների գլխավորությամբ, 908թ. թագավորության վերածվեց, ինչպես տեսանք, նաև Վասպուրականը: Աշոտ Բ Երկաթի հաջորդները, որ լուրջ քայլեր ձեռնարկեցին ուժեղացնելու կենտրոնական իշխանությունը, հանդիպեցին ոչ միայն իշխանական դասի համառ դիմադրությանը, այլև արտաքին ուժերի դիվանագիտական կամ զինված միջամտությանը:

Տնտեսական կյանքի զարգացումը երկրի ուժեղ իշխանություններում տնտեսական կենտրոններ ձևավորեց, ինչը կենտրոնական իշխանությունից անջատվելու ձգտումների նախադրյալներ ստեղծեց: Անջատողական այդ փորձերը խրախուսվում էին Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության կողմից: Նրանցից առաջինը չէր հաշտվում Հայաստանը կորցնելու փաստի հետ, իսկ երկրորդը ծրագրում էր, Հայոց թագավորությունը տրոհելով, տիրանալ Հայաստանին:

Բագրատունի գահակալներն ամեն ինչ անում էին կենտրոնաձիգ իշխանությունն ուժեղացնելու համար: Սկզբնապես նրանք հասան նկատելի հաջողությունների, սակայն ավատատիրական անջատողական ձգտումներն ավելի ուժեղ գտնվեցին: X դ. սկզբներից սկսած միայն բուն Հայաստանում ձևավորվեցին մի քանի մեծ ինքնավարություն ունեցող թագավորություններ և իշխանություններ:

Վասպուրականի թագավորություն

Հիշյալ իշխանություններից ամենաընդարձակը և ամենազորեղը Վասպուրականի Արծրունյաց իշխանությունն էր, որը 908թ. Գագիկ Ա Արծրունու կողմից թագավորություն հռչակվեց Ատրպատականի ամիրայության օգնությամբ: Այն ընդգրկում էր Վանա և Կապուտան (Ուրմիո) լճերի միջև ընկած ընդարձակ տարածքը: Գագիկ Արծրունին կարճ ժամանակ անց ընդունեց Բագրատունյաց գահակալի գերիշխանությունը, որը սակայն երբեմն ձևական բնույթ էր կրում:

Գագիկ Արծրունու և նրա հաջորդների օրոք Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելք ապրեց, ամբողջ Վասպուրականով մեկ լայն շինարարություն ծավալվեց: Աղթամար կղզին արհեստականորեն մեծացվեց, որտեղ թագավորը կառուցեց Աղթամարի կամ Uբ Խաչ եկեղեցին և քաղաք ու արքունական պալատներ: Հետագայում լճի ջրերի բարձրացման հետևանքով քաղաքն անցավ ջրի տակ:

XI դ. սկզբին թագավորությունն ուներ 8 քաղաք, 72 բերդ ու 115 վանք և 4000-ից ավելի գյուղեր: Ամենահամեստ հաշվարկով թագավորությունն ունեցել է շուրջ 1 միլիոն բնակիչ:

Վանանդի (Կարսի) թագավորություն

Կարսում Մուշեղ Բագրատունու թագավոր հռչակվելով՝ 963թ. ծնունդ առավ Վանանդի կամ Կարսի թագավորությունը: Այն սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունների մեջ էր Անիի Բագրատունյաց թագավորության հետ: Գոյատևելով մեկ դարից մի փոքր ավելի (963-1065), այն կարևոր դեր կատարեց Հայոց տերության կազմում: Աշոտ Գ թագավորը ճանաչեց Մուշեղի գահակալությունը՝ պայմանով, որ նա ընդունի իր գերագույն իշխանությունը: Դրանով ստեղծվեց Բագրատունյաց երկրորդ թագավորությունը:

Մուշեղի հաջորդ Աբասի օրոք մեծ ուշադրություն դարձվեց թագավորության ռազմական ուժը մեծացնելու վրա: Նրա լավ զինված հեծյալ և հետևակ զորաբանակները հաջողությամբ մասնակցեցին արաբական ամիրայությունների դեմ պատերազմներին:

Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորություն

Բագրատունիների արքայատոհմի մի ճյուղն էլ թագավորություն հիմնեց Տաշիր-Ձորագետում կամ Լոռիում: Տաշիրի կառավարիչ նշանակված Աշոտ Գ-ի որդի Գուրգենը Սմբատ Բ թագավորից արքայական տիտղոս ստացավ և 982թ. հիմք դրեց Տաշիր-Ձորագետի թագավորությանը: Այն Գուրգենի տեղական Կյուրիկե անվան պատճառով ստացավ Կյուրիկյան թագավորություն անվանումը: Այս թագավորությունը ևս ճանաչում էր Բագրատունյաց իշխանությունը:

Տաշիր-Ձորագետի թագավորությունը առեվտրական սերտ կապեր է ունեցել Անիի, Դվինի, Տփղիսի (Թիֆլիս) և այլ քաղաքների հետ՝ ակտիվորեն մասնակցելով միջազգային տարանցիկ առևտրին:

Կյուրիկյանների թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Դավիթ Անհողինի գահակալության շրջանում (989-1048): Նա մեծապես ընդարձակեց թագավորության տարածքը արևելքից՝ ի հաշիվ Ուտիքի և հյուսիսից՝ Տփղիսի ամիրայության: Թագավորության մայրաքաղաքն էր Լոռի բերդաքաղաքը, որի ավերակները պահպանվել են Ստեփանավան քաղաքի հարևանությամբ:

Սյունիքի թագավորություն

987թ. իրեն թագավոր հռչակեց նաև Սյունիքի իշխան Սմբատը: Մեկ տարի անց նա ճանաչեց Հայոց տերության գերագույն իշխանությունը: Այն գոյատևեց շուրջ երկու դար: Սկզբում թագավորության կենտրոնը Սյունի ավանն էր (այժմ՝ Սիսիան), սակայն ավելի ուշ թագավորության հյուսիսային գավառների Անիի կենտրոնական թագավորությանը միացվելուց հետո մայրաքաղաքը տեղափոխվեց Կապան: Թե’ առաջին և թե’ երկրորդ կենտրոնները գտնվում էին ռազմավարական նշանակություն ունեցող առևտրական ճանապարհների վրա:

Թագավորությունը մեծ ծաղկում ապրեց Վասակ թագավորի օրոք: Չնայած իր համեմատաբար ոչ մեծ տարածքին, այն XII դ. ուներ 43 ամրոց, 48 վանք և 1000-ից ավելի գյուղ: Քաղաքային կյանքը թույլ էր զարգացած: Հիշատակվում է միայն Կապանը:

Ենթակա թագավորությունների հանդես գալով Հայոց գահակալների տիրույթները կենտրոնացած էին մայրաքաղաք Անիի շրջակա գավառներում: Պատմաբաններն այն երկրի մայրաքաղաքի անունով կոչում են Անիի թագավորություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով